Աստվածության մասին «Հայելի վարուց» գրքից
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
«ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ»
ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երանելի 0գոստինոսը գիրք էր գրում Սուրբ Երրորդության մասին։ Նա սովորություն ուներ աշխատանքն ու հոգևոր գործն ավարտելուց հետո՝ երեկոյան ժամին, ծովի եզերքին շրջել։ Նրա հետ քահանաներ ու կղերիկոսներ էին գնում՝ հեռվից, որպեսզի զրուցատրությամբ չխանգարեն նրա իմացական տեսությունը։ Եվ ահա մի անգամ, երբ այդպես քայլում էր, ծովափին նստած տեսավ մի գեղեցիկ ու վայելուչ մանկան, որ հողում մի փոքրիկ փոս էր արել, ինչպես սովոր են մանուկներն անել խաղալիս, և արծաթե գդալով ծովից ջուր առնելով՝ լցնում էր այն փոսը։ 0գոստինոսը, այս տեսնելով և գալով նրա մոտ, հարցրեց, թե՝
- Ի՞նչ ես անում։
Մանուկը պատասխանեց.
- Ուզում եմ ամբողջ ծովը լցնել այս փոսի մեջ։
Ծիծաղելով այս խոսքերի վրա՝ եպիսկոպոսն ասաց.
- Որդյա՛կ իմ, ինչպե՞ս կարող ես այդ անել։ Ծովը լայնատարած է, իսկ գդալդ՝ փոքր, և փոսը, որ կամենում ես լցնել՝ խիստ փոքր։
Եվ մանուկն ասաց.
- Ավելի դյուրին է ինձ անել այս խորհածս, քան քեզ կատարել այն, ինչ դու ես մտածել։
Այս խոսքերի վրա խիստ զարմանալով՝ եպիսկոպոսը հարցրեց, թե՝
- Ի՞նչ է այդ նշանակում։
Մանուկն ասաց.
- Մտածում ու կարծում ես, թե փոքր գրքով պարփակում ես անբաժանելի Երրորդության անճառելի խորհրդի իմաստը, ինչը մինչև դու կատարես, ես ամբողջ ծովը կլցնեմ այս փոսը։
Այս ասելով՝ մանուկն անհայտացավ։ Իսկ 0գոստինոսը գոհացավ Քրիստոս Աստծուց՝ իսկույն հասկանալով, որ մանկան ասածը ճշմարիտ էր։
Թարգմանությունը՝ Գ. Վարդանյանի
|
|
 |