Հիմնադրումը
Պատմությունը
Վարդապետությունը
Խորհուրդները
Հայրերը
Ծեսը
Ծիսական բառարան
Սովորույթները
Սրբավայրերը
Կաթողիկոսները
Միաբանությունները
Կառույցն այսօր




Àðìÿíñêîå èíòåðíåò-ñîîáùåñòâî Miasin.RU


 
Քարվանսարա գյուղի քահանան ու նրա ապրած ժամանակաշրջանը



Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:




ՔԱՐՎԱՆՍԱՐԱ ԳՅՈՒՂԻ ՔԱՀԱՆԱՆ ՈՒ ՆՐԱ ԱՊՐԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ


    Աղստևի հովտի Քարվանսարա գյուղը (ներկայիս Իջևան քաղաքը), հիմնադրված 18-րդ դարի 80-ական թվականներին, ժամանակին մի ապահով վայր էր Թիֆլիսից Երևան և Ալեքսանդրապոլ մեկնող մարդկանց անվտանգ երթևեկությունն այդ տարածքներում վխտող բազմաթիվ ավազակախմբերի հարձակումներից պաշտպանելու համար:
    Աղստևի հովիտը՝ գեղատեսիլ բնությամբ, բնակավայրերով, աշխատասեր, ստեղծագործ մարդկանցով, ավանդույթներով, հերոսական ու պատմական հարուստ անցյալով, իր ուրույն տեղն ունի մեր պատմության մեջ։ Այն հարուստ էր նաև իր երախտավորների, իր նշանավոր զավակների ազգանվեր գործերով։
    Գրավոր աղբյուրներում պահպանված բնակավայրի նշանավոր մարդկանց թվում հիշատակվում է նաև Առաքել Էդիլյանի անունը:
    Հիմնավորվելով այստեղ և լինելով առաջադեմ այր՝ Առաքել Էդիլյանը մեծապես նպաստել է դպրոցի հիմնադրմանն ու գյուղի հետագա զարգացմանը: Գյուղում կրթյալ, ուսյալ մարդկանց դերը կարևորելով՝ նա 1861 թվականին ծնված իր որդի Արշակին գյուղի ծխական դպրոցն ավարտելուց հետո ուղարկում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոցում ուսանելու։ Եվ ահա Արշակը, 1883-ին հաջողությամբ ավարտելով, վերադառնում է հարազատ գյուղ և որպես ուսուցիչ աշխատում գյուղի երկսեռ դպրոցում: Սակայն հայրը, նկատելով որդու գիտելիքների հիմնական ուղղվածությունը, հակումը դեպի հոգևոր-եկեղեցական կյանք, Արշակին կրկին ուղարկում է Թիֆլիս, ուր 1885 թվականի օգոստոսի 22-ին Թիֆլիսի մայր եկեղեցում Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը նրան ձեռնադրում է ամուսնացյալ քահանա՝ անվանակոչելով Մեսրոպ։ Այդ օրից սկսվում է Մեսրոպի քահանայական, մանկավարժական և հասարակական գործունեությունը Քարվանսարայում, Դիլիջանում, Վերին Աղդանում, Գոշավանքում, Սռի, Ռևազլու և այլ հայկական հարակից գյուղերում (ՊՊԿԱ ֆ - 409, ց -1, գ -2445)։
    Ըստ գրավոր աղբյուրների՝ գյուղի Ամենափրկիչ եկեղեցու քահանա տեր Մեսրոպը եղել է խորապես հարգված անձնավորություն։ Նա իր ազնիվ ծառայությամբ վայելել է նաև հարևան գյուղերի բնակչության համակրանքը: Եղել է նաև ուշադիր հայր և ամուսին։ Իր կնոջ՝ քահանայի դուստր Նունուֆարի հետ մեծացրել են հինգ զավակ (երեք տղա և երկու աղջիկ)։
    Մեսրոպ Էդիլանի կյանքն ու գործունեությունն ընթացան Հայաստան երկրի համար ծանր ու խառնակ ժամանակնում: Մի կողմից տարածաշրջանում բնակվող թուրքալեզու ավազակներն էին հաճախակի հարձակվում, թալանում ունեցվածքը, սպանում, մյուս կողմից էլ՝ բնական աղետներն էին իրենց սև գործն անում։
    Արդյունքում՝ բնակչությունը միշտ մնում էր աղքատության ճիրաններում: Եվ այս պայմաններում, քահանայական գործերին զուգընթաց, Մեսրոպ Էդիլյանն ամեն կերպ ջանում է իր ծխի անդամներին օգնել նաև աշխատանք, ապրուստի միջոց հայթայթելու ուղղությամբ: Այդ նպատակով, որպես բարեգործական ընկերության տեղական ճյուղի նախագահ, նա որոշում է գյուղում կազմակերպել գորգագործության արտադրություն: Դիմում է Թիֆլիսի Հայկական բարեգործական ընկերությանը՝ խնդրանքով, որ հատկացնեն 500 ռուբլի, որովհետև իրենց միջոցները չեն բավարարում համապատասխան վարպետներին հրավիրելու, գործիքներ, նյութեր ձեռք բերելու համար։ Մտահղացումը իրականացվում է, և տասնյակ ընտանիքների տրվում հնարավորություն՝ ամենօրյա կարիքները հոգալու:
    Հայտնի է, որ այդ շրջանում հայկական գրեթե բոլոր գյուղերը չունեին դպրոցներ, և բնակչության մեծ մասը խարխափում էր տգիտության մեջ: Ժողովուրդի ջանքերի շնորհիվ որոշ գյուղերում հաջողվել էր ստեղծել ծխական դպրոցներ, սակայն 1903-1905 թվականներին Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինի վարած հակահայկական քաղաքականության հետևանքով դրանք էլ փակվում էին:
    Տարիներ շարունակ Էդիլյանը ջանքեր է գործադրում Գոշավանքի, Թեղութի, Սռի գեղի, Ռևազլուի, Խաշթառակի դպրոցների աշխատանքները վերականգնելու համար: Նախաձեռնում և ավարտի է հասցնում է Խառատաձոր ջուր հասցնելու գործը, Վերին Աղդանի, Դիլիջանի գերեզմանատնաց ցանկապատումը, Քրդևանի և իր գյուղի եկեղեցիների նորոգությունն ու գյուղում ժողովրդական տան երկհարկանի շինության կառուցումը և այլ աշխատանքներ:
    Եղած դժվարություններին հետևում են նաև նորաստեղծ խորհրդային կարգերի ծանր ժամանակները. հալածանք Եկեղեցու և նրա սպասավորների դեմ: Հաշվառվում են հոգևորականներն ու սահմանվում խոշոր հարկեր, ստեղծում անելանելի պայմաններ՝ բնակչության շրջանում հոգևոր գործունեությունը տապալելու նպատակով: Շատ քահանաներ ստիպված հրաժարվում էին իրենց հոգևոր ծառայությունից: Իսկ ովքեր հաստատուն մնացին իրենց կոչմանը, ենթարկվեցին հետապնդումների ու բռնադատման։ Փակվեց եկեղեցիների գերակշիռ մասը, թալանվեցին սպասքի առարկաներն ու մնացյալ ունեցվածքը։
    Այսպես ամայացավ նաև Ղազախի սուրբ Վարդան եկեղեցին, որը տեղի թուրք ազգաբնակչությունը վերածեց շտեմարանի: Նախկին քահանա Զաքարիա Ապրեսյանն էլ Էդիլյանին է հանձնում եկեղեցու սպասքը: Այս մասին 1926 թվի հոկտեմբերի 20-ի մի հայտարարությամբ Մայր Աթոռի գերագույն խորհրդին է դիմում Էդիլյանը, խնդրում համապատասխան թույլտվություն՝ ,իրերը բաժանել Իջևանի և Վերին Աղդանի երեք եկեղեցիաց վրա, որոնց մոտ շատ չնչին ենե, միևնույն ժամանակ խնդրում Գերագույն խորհրդից ,բարեհաճ ուշադրութիւն գաւառի բարձիթողի արած վշտալի, անտէրունջ հաւատացեալ համայնքի և քայքայուած անմխիթար, անհովիւ և անբարեզարդ եկեղեցուց վրայե (ֆ-409, գ-2433, ց-1):
    Քանի որ հիշյալ գյուղերն արդեն մտել էին Շիրակի թեմի կազմի մեջ, թեմի հոգևոր խորհուրդը նկատի ունենալով, որ Ղազախի և Շամշադինի շրջանների եկեղեցիներն անմիջական հսկող չունեն, Իջևանի (Քարվանսարա) ծխատեր Մեսրոպ քահանա Էդիլյանին նշանակում է Իջևանի, Շամշադինի և Բարանայի շրջանների եկեղեցիների բարեկարգիչ և վերահսկող (նույն ֆոնդում, թերթ 7):
    Երկրում ստեղծված պայմանները ծանր կացության մեջ էին դրել ամբողջ հոգևորականությանն ու Էջմիածինը: Անմասն չմնաց և Էդիլյանը։
    Այդ դաժան վիճակի մասին է վկայում Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպիսկոպոսի դիմումը Ամենայն Հայոց կաթողիկոս Տ. Տ. Գէորգ Ե-ին. «Վերջին ամիսներս Ձեր Վեհափառութեանը ամենախոնարհաբար զեկուցանել եմ այն անարդար դատի մասին, որին ենթարկուեց Իջևանի տ. Մեսրոպ քահանայ Էդիլեանը եւ յանիրաւի տեղը տուգանք տալով միայն ազատուեց:
    Այդ հանգամանքը սրտաճմլիկ մեծ վիրաւորանք է մի հոգևորականի համար, որ եկեղեցու եւ հաւատացեալների իրաւունքի պաշտպան է դուս եկել, որ վերան վերարկու է կրում: Ի նկատի ունենալով այս հանգամանքը, պարտք եմ համարում ամենախոնարհաբար ներկայացնել նորան, Ձերդ Վեհափառութեան, խնդրելով արժանացնել նորան աւագ քահանայի կոչման պատուին, որով գոնէ իւր անտեղի կրած վիշտը կ’սփոփի Ձերդ Վեհափառութեան հայրական օրհնութեամբ» ( ՀՀ ՊՊԿԱ, ֆ-409, ց-1,գ-2533, ձեռագիր, Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, գիրք Գ, Երևան,«Անահիտ», 1997, վավերագիր թիվ 244):
    Որոշ ժամանակ անց Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպիսկոպոսը կրկին նման խնդրով դիմում է Վեհափառին և հայտնում նշանակված հարկերի պատճառով որոշ քահանաների հրաժարվելու մասին և ընդգծում. «Ահա այսպէս, Վեհափառ Տէր, Շիրակի թեմի ծայրամասերը կտրւում են, աչքի ընկնող քահանայութիւնը հեռանում է ասպարէզից եւ թեմական խորհուրդը ընկնում է բաւական ծանր, անել դրութեան մէջ» (նույն տեղում, վավերագիր թիվ 262):
    Պատահական չէ, որ Էդիլյանի գործունեությունը արժանացել է հայրապետի և թեմի առաջնորդի համապատասխան գնահատանքին. նա հենց այդ տարիներին հայրապետից ստացել է լանջախաչ, կամելավոր և կերպասյա փիլոն կրելու իրավունք:
Իր հոգևոր ծառայության ընթացքում 33 տարի նա կատարել է նաև ավագ ուսուցչի պաշտոն, որից 9 տարին՝ ձրի. դա մեծ գործ էր այդ ժամանակ:
    Առտնին գործ ու հոգսի հետ մեկտեղ Մեսրոպ քահանան պատշաճ ուշադրություն է դարձրել նաև իր զավակներին: Նրանցից ավագը՝ Գուրգենը, երկու տարի սովորել է Ներսիսյան դպրոցում, այնուհետև ավարտել Գևորգյան հոգևոր ճեմարանը, ապա ուսումը շարունակել Վիեննայի, Լայպցիգի և Բեռնի համալսարաններում: 1909 թվականին «Քննադատություն Շիլլերի ձևական աստիճանների» թեմայով պաշտպանել է թեզ և ստացել փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան:
    Էդիլյանի մյուս զավակները նույնպես ստանում են համապատասխան կրթություն և իրենց ծառայությունը բերում մեր ժողովրդին:
    Ցավոք, երկրում տիրող հետապնդումներից զերծ չեն մնում նաև Էդիլյանի որդիները...
    Փառք Աստծո՝ Էդիլյանի դաժան ժամանակներն անցան։ Այսօր հովտում վերանորոգվում են եկեղեցիները, կառուցվում նորերը, հոգևոր լայն գործունեություն է ծավալվել ազգաբնակչության շրջանում: Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանի ջանքերով այս տարիներին վերականգնվեց նաև Իջևանի եկեղեցին, նշանակվեց հոգևոր հովիվ, և սկսեց գործել՝ իր կարևոր ծառայությունը մատուցելով հավատացյալներին:


Հենրիկ Խառատյան





ՀԱՅԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ
Տեղեկատվություն, իրադարձություններ, միջոցառումներ… YourHostService.com
Web hosting, domain registration and quality customer support. Free blogs, forums, photo galleries etc.

cheap wedding dresses - To be a famous Dress retailer. We concentrate on the design of Wedding Dresses. 100% high quality and cheaper price, which is reason welcomed by bridals.